Որքան արժե հարսանիքի կազմակերպումը Հայաստանում
Ընտանիք կազմել ցանկացող զույգերը վաղ թե ուշ կանգնում են միևնույն խնդրի առջև՝ ամուսնանալ հարսանեկան մեծ արարողությամբ, փոքր խնջույքով, թե բավարարվել, օրինակ, որևէ երկիր կամ հանգստյան վայր մեկնելով: Այս հարցի շուրջ կարծիքները մշտապես հակասական են եղել, չէ՞ որ որքան մարդ, այնքան կարծիք: Մարդկանց մեծամասնությունը, սակայն, գրեթե համակարծիք է մեկ հարցի շուրջ՝ հարսի ճերմակ զգեստ կրելը ոչ միայն ցանկալի է, այլև՝ պարտադիր: Սակայն հարսանեկան արարողությանը պատրաստվողները, բնականաբար, կանգնում են մի բարդ խնդրի առջև, այն է՝ կատարել բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, որոնց համար առաջին հերթին գումար է անհրաժեշտ:
Ֆիորե Հարսանյաց սրահի ներկայացված ծախսերը հետևյալն են : Սկսենք հենց հարսի համար այդ օրն ամենակարևոր հանգամանքից՝ հարսանեկան ճերմակ զգեստից: Շատերը սկսել են այն գնել արտասահմանյան կայքերից, քանի որ այդպես ավելի մատչելի է լինում: Սակայն շատ հաճախ կանգնում են կոտրած տաշտակի առաջ, քանի որ լինում է ուշացումներ, չափսի սխալներ և հիմնականում չի համապատասխանում զգեստը այն ինչ պատվիրվել է։ Շատ հարսանյաց սրահներ աստղաբաշխական արժեք ունեցող հարսանեկան զգեստներ են առաջարկում, որը հասու չէ սովորական քաղաքացուն: Այս հարցում, իհարկե, օգնության է գալիս զգեստի վարձակալությունը, և կարող ես գտնել նույնիսկ նոր զգեստ հարմար արժեքով: Հարսանյաց սրահների պակաս Երևանում չես հանդիպի: Օրինակ Ֆիորե հարսանյաց սրահում զգեստի վարձակալումը սկսում է 50000 դրամից: Նշենք, որ արժեքը կախված է հանգամանքից՝ նախկինում այն հագել են, թե՝ ոչ: Զգեստի հետ մեկտեղ` սրահի կողմից տրվում են նաև զամբյուղներ, քող, թագ և այլն: Հարսի կերպարի անբաժան մասն են կազմում կոշիկը, քողը, ծաղկեփունջը: Հարսանյաց սրահներն օգնում են նաև տարոսիկների, մոմերի, նաև՝ հրավիրատոմսերի հարցում: Շատերն են նշում, որ այս փոքր աքսեսուարների համար շատ հաճախ ավելի շատ գումարներ են ծախսվում: Օրինակ՝ 1 տարոսիկի արժեքը սկսում է մոտ 800 դրամից, հրավիրատոմսինը՝ 500 դրամից, բաժակներին էլ՝ 4000-5000: Սակայն, հիմա շատերը նախընտրում են այս կարևոր ատրիբուտները պատրաստել ինքնուրույն, ոչ միայն մատչելիության համար այլ նաև մոտեցման։ Հուրաքանչյուր աղջիկ երազում է այդ օրն անմոռանալի տեսք ունենալու մասին, և այստեղ օգնության է հասնում դիմահարդարումն ու վարսահարդարումը: Այս ծառայության գները նույնպես տատանվում են. հարսանեկան սանրվածք և դիմահարդարում կարելի է անել սկսած 10000 դրամից մինչև 80.000 դրամ և ավել:
Տղամարդկանց բախտն այս հարցում բերել է: Փեսայի ամբողջական կերպարն առավել մատչելի է: Կոստյումներ կարելի է գնել նաև 50,000 դրամով, ՍՄՈԿԻՆԳ-ներ 120.000 դրամով: Ֆիորե հարսանյաց սրահում առկա են նաև ՍՄՈԿԻՆԳ-ի վարձակալություն և արժի 20000 դրամ։ Ընդունենք, որ ամենակարևոր տարրերից մեկը մատանիներն են: Դրանց արժեքը նույնպես տատանվում է: Ըստ մատանու հաստության՝ այն կարելի է ձեռք բերել 150 հազարից սկսած: Վարձույթով հարսանեկան մեքենաներ առաջարկող սրահների պակաս Հայաստանում նույնպես չկա: Հիմնականում մեքենաները տրամադրվում են ժամավճարով: Մի քանի ժամ տրամադրության տակ մեքենա ունենալու համար պետք է ունենալ գոնե 50,000 դրամ. բնականաբար, ավելի շքեղ մեքենաներն ավելի բարձր գներ են նախատեսում: Հարսի, ապա փեսայի տուն այցելությունների ժամանակ ընդունված ավանդույթ է հյուրասիրություն կատարելը: Վերջին տարիներին ընդունված է այն մատուցել ֆուրշետի տեսքով: Այսպիսի ծառայություն մատուցող ընկերությունների պակաս նույնպես չկա: Կախված ֆուրշետի «ճոխությունից»՝ դրա արժեքը կարող է տատանվել 25,000-150,000-ի սահմաններում: Անցնենք հանդիսությունների սրահներին: Հիմնականում հարսանեկան խնջույքներն անցկացվում են ռեստորաններում: Այստեղ նույնպես ընտրության լայն հնարավարություն կա: Ռեստորանում ծառայությունը մատուցվում է ըստ անձի: Կախված ճաշատեսակների քանակից՝ արժեքը կարող է տատանվել 8000-30,000-ի սահմաններում: 8000 դրամի դեպքում հիմնականում մատուցվում է երկու տաք ճաշատեսակ, ավել արժեքի դեպքում ճաշատեսակների քանակն ավելանում է: Էլ ի՞նչ հայկական հարսանիք, առանց երաժշտության: Ընդունված է հարսի ետևից գնալ ավանդական տաշի-տուշիի ուղեկցությամբ: Հիմնականում այդ առաքելությունը կատարում են հենց տվյալ սրահի երաժիշտները: Ամբողջ օրվա համար այդ ծառայության արժեքն, օրինակ, կարող է կազմել 350 հազար դրամ, իսկ միայն ռեստորանի համար՝ 300 հազար: Իսկ DJ-ի աշխատանքի արժեքը սկսում է 50 հազար դրամից: Առանձին գումար է նաև վերջին շրջանում մոդայիկ դարձած թամադայի ծառայությունից օգտվելը, որի արժեքն էլ կարող է կազմել, օրինակ, 100 հազար դրամ կամ շատ ավելին՝ կախված նաև թամադայի ով լինելուց: Բնականաբար, օրվա գեղեցիկ պահերն անմոռաց դարձնելու համար անհրաժեշտ է տեսա և ֆոտոնկարահանում: Կախված տեսախցիկների քանակից՝ այդ ծառայության արժեքը կարող է տատանվել: Օրինակ 2-3 տեսախցիկի առկայությունը, ֆոտոնկարահանումն ու մոնտաժը կարող է արժենալ 200 հազար դրամից մինչև 1.000.000 դրամ: Վերջին շրջանում բավական ակտուալ են դարձել հարսի և փեսայի, ինչպես նաև՝ հարսի ավանդական պարի ոչ ավանդական մատուցման ձևերը: Դրա համար զույգերը դիմում են պարուսույցներին կամ պարախմբերին։ Հարսանեկան 2 պար բեմադրելու արժեքը սկսվում է 30 հազար դրամից։ Իսկ ժամավճարի դեպքում՝ 1 ժամի արժեքը հիմնականում սկսվում է 3000 դրամից: Չմոռանանք նաև հարսանեկան տորթերի և կրկին վերջին շրջանում ավանդական դարձած հրավառությունների մասին: Վերջինիս արժեքը կարող է սկսվել 40 հազար դրամից: Իսկ հարսանեկան տորթերի դեպքում ամեն ինչ բարդ է: Արժեքը որոշվում է ՝ ըստ մարդկանց քանակի, դիզայնի, օգտագործվող ատրիբուտների և այլնի հաշվին: Հարսանեկան տորթի մեկ կտորն արժե 1000-2500 դրամ: Տորթեր, ըստ հյուրերի քանակի, կարելի է ձեռք բերել սկսած 60 հազարից: Ամեն 10 հոգու դիմաց տորթի արժեքն ավելանում է 10-15 հազարով:
Շատերը մեկ օրվա համար այսքան գումար ծախսելու իմաստ չեն տեսնում և նախընտրում են գնալ եկեղեցի և փոքրիկ խնջույք կազմակերպել, իսկ մնացած գումարով էլ մեկնում են գեղեցիկ ճանապարհորդության: Սակայն բոլոր դեպքերում, ինչ որոշում էլ կայացվի, կարևորն ամուր և երջանիկ ընտանիք ունենալն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/218000/
Комментарии
Отправить комментарий